«Վերածնունդ» վեպը Դավիթ Միրզոյանի առաջին լայնածավալ գրական ստեղծագործությունն է։ Այն նախատեսված է ազգի ճակատագրով խորապես մտահոգված մտավորականների համար։


Նախկինում մի շարք հոդվածներով ու ակնարկներով հեղինակն անդրադարձել է մեր ազգային ճգնաժամին ու դրանից դուրս գալու ճանապարհներին։ Վեպում, սակայն, երկխոսությունների միջոցով Դավիթ Միրզոյանը փորձել է հնարավորինս պարզ ու հանրամատչելի ներկայացնել մեր ազգային ուսմունքը, շտկել նրա հիմնարար դրույթների որոշ սխալ մեկնություններ, պարզաբանել մինչ այժմ անմեկնելի համարվող հասկացություններ, ներկայացնել նահապետական կարգի էությունն ու հատկապես միապետի՝ ազգի գերագույն նահապետի, դերն ու առաքելությունը։


Վեպում դեպքերը տեղի են ունենում մոտ ապագայում, երբ հայ ժողովրդի միահամուռ ջանքերի շնորհիվ Հայաստանում արդեն հաստատվել է նահապետական կառավարում։ Ու, ինչպես նախկինում, Հայոց երկիրն ու անձամբ՝ Համայն Հայոց Արքան, հայտնվել են թշնամական ուժերի ուշադրության կիզակետում։


Գրքում ընդգրկված են նաև հեղինակի կողմից Արարչական ուսմունքի հիման վրա կազմված ու ազգային արժեհամակարգը ներկայացնող «Արարչական օրենքները» և «Հայաստանի Թագավորության Ազգային Սահմանադրությունը»։


Վեպը սկսվում է Արքայի ընդունարանում։ Արքային հայտնում են, որ բազմաթիվ երկրներ դիմել են նրան ներում շնորհել համազգային հանրաքվեով մահապատժի դատապարտված Հայաստանի Հանրապետության առաջին երեք նախագահներին։ Արքան կտրականապես հրաժարվում է չեղյալ հայտարարել համազգային դատավճիռը։ Ներում շնորհելու խնդրանքով արքունիք է եկել նաև ամենայն հայոց կաթողիկոսը։ Արքան ընդունում է կաթողիկոսին, ու երկխոսություն է ծավալվում նրանց միջև։ Երկխոսությունը հենց սկզբից շեղվում է կրոն-ուսմունք տարբերության կողմը, հետո նաև՝ Աստված հասկացության և ուսմունքի բուն էության կողմն ու ի վերջո ավարտվում կաթողիկոսի ձերբակալությամբ, ողջ եկեղեցական կառույցի վերացմամբ և փոխարենը ազգային ուսմունքի կենտրոններ հիմնելու Արքայի հայտարարությամբ։


Երկրորդ գլխում Արքայական խորհրդի խորհրդակցության ընթացքում Արքան կարպետագործության օրինակի հիման վրա ներկայացնում է ազգային ուսմունքի կարևորությունը պետության կառուցման գործում։


Երրորդ գլխում Արքան հայտնվում է դրսում, գյուղատնտեսական մթերքների տոնավաճառում ու ականատես լինում գներ թելադրելու արատավոր երևույթի։ Անձամբ հետևելով ու հայտնաբերելով բոլոր հանցագործներին, Արքան հենց տեղում դատում է նրանց, մահապատժի դատապարտելով բոլորին ու նրանց գերդաստանների որձատման հրաման տալիս։


Չորրորդ գլխում Արքան իր ամառանոցում է՝ վերակառուցված Ամբերդում։ Երեկոյան ընթրիքի սեղանի շուրջ զրույց է բացվում չարի ու բարու խնդրի շուրջ։ Արքան ներկայացնում է չարին ու չարի վիբրացիաներն անընդհատ արմատախիլ անելու իր համոզմունքը։
Հինգերորդ գլխում Արքան կարճ զրույցի է բռնվում թագուհու հետ, նրա վրա թափելով մարդկանց գոռոզության ու պատասխանատվությունից խուսափելու համատարած երևույթի հանդեպ իր զայրույթը։ Հետո իջնում է Ամրոցի ստորին հարկաբաժնում գործող լաբորատորիան զրուցելու իր գաղտնի ծրագրի վրա աշխատող ֆիզիկոսների խմբի հետ։


Վեցերորդ գլխում ճաշի սեղանի շուրջ զրույց է բացվում հայրենիք հասկացության շուրջ, ու Արքան կրկին, հարց ու պատասխանի միջոցով, ներկայացնում է հայրենիք հասկացության իսկական էությունը, զուգահեռաբար ներկայացնելով ժողովուրդ, ազգ ու պետություն հասկացությունների իրական իմաստը։


Յոթերորդ գլխում Արքան առանձնանում է ամրոցի մոտակա մատուռում մտորելու անցած գնացածի ու ապագայի շուրջ։ Թշնամական երկիրն իր արբանյակից հրթիռ է արձակում Արքային վերացնելու համար։ Վեպն ավարտվում է ահռելի պայթյունով։

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ