Մետրոյի գնացքակառքերի միջև հայտնված տղամարդու դիակը մտածել էր տալիս ինքնասպանության մասին: Սակայն ավագ քննիչ Տիմո Հարյունպան դրան չի հավատում: Նրա կարծիքով դա կանխամտածված սպանություն է…

…Մարդ սպանելը դժվար չէր: Ոչ ավելի, քան աղավնի սպանելը: Բավական էր թեթևակի հրել, իհարկե հարմար պահին և հարմար տեղում: Ընդերքի ոգին բոլորից լավ գիտեր, թե երբ է եկել այդ պահը. ավելի շուտ պահը և տեղը ինչ-որ առեղծվածային կերպով հաղորդվում էին իրեն, և այդքանը բավական էր. միսը պոկվում էր ոսկորներից, աղիքները պայթում էին խճաքարին, ողերն ու մատնոսկրերը դուրս էին թռչում չոր լոբու պես, հոգին անջատվում էր այլասերված մարմնից, որը մարդ արարածին անկշտում դև էր դարձնում: Ոգին իհարկե դա լավ գիտեր: Արդեն տեսել էր այդ ներկայացումը, որի ժամանակ իր քթանցքները լեփ-լեցուն էին մարդու թարմ արյունոտ մսի սարսռալի սուր հոտով: Առանձնապես հրաշալի էր այն պահը, երբ մարդու հոգին լքում էր մարմինը և վեր խոյանում բյուրեղիկների չափ փոքրիկ աղի մասնիկներով, որոնք մի պահ թռչելուց հետո միանում էին` ստեղծելով հիասքանչ ալ կարմիր հորձանուտ, որը անմիջապես կլանում էր Դիվալեռը` դիցուհի Մամոյի սրբազան մարմինը: Դա ևս մի քայլ էր դեպի Ճշմարտության գալուստը:
…Մարդ սպանելը մեղք չէ: Հետևաբար չի կարող հանցագործություն համարվել: Մարդկանց պարզապես մոլորեցնում են: Հինգերորդ պատվիրանը դրա կատարյալ օրինակն է: Սկզբնական ձևին ավելացվել է ՄԻ երկու տառը, ինչի պատճառով պատվիրանը հակառակ իմաստն էր ստացել: Նույնը վերաբերում է Աստծուն և Սատանային, որոնք երկուսն էլ ծայրահեղ հիմար գաղափար են` մեկը բարու, մյուսը չարի: Ինչպիսի¯ անհեթեթություն: Գոյություն ունի լոկ մեկ իսկական և սրբազան աստվածություն` Մամոն, որը երեք մարմնավորում ունի` Սրբազան Մեծ պայթյուն, Սրբազան Արև և Սրբազան Երկաթե Սիրտ: Վերջինս աշխարհագրական առումով ամենամոտն էր` հենց ոգու ոտքերի տակ: Այդ հալված հրահեղուկ զանգվածը հուրհրատում էր երկրագնդի ընդերքում` սպասելով, թե երբ է ժայթքելու և միանալու Սրբազան Արևի և Սրբազան Մեծ պայթյունի հետ. Ճշմարտությունը հենց դա է: Անխուսափելիորեն մի նոր Մեծ պայթյուն կլինի, բայց միացումը չի կարող տեղի ունենալ, քանի դեռ երկրի վրա կա չարն ու կեղտը: Ահա թե ինչու Մամոն մարդու զոհաբերություն է պահանջում և օրհնում իր հավատարիմներին, որոնք դա մատուցում էին իրեն:

Թարգմանիչ՝ Ալեքսանդր Աղաբեկյան

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ