Անա Գրուն վեց հայտնի քրեավեպերի հեղինակ է, որոնք թարգմանվել են գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն... 2012թ. Ֆրանսիայում արժանացել է լավագույն քրեավեպի մրցանակի:
Դանիայի փոքրիկ քաղաքում ապօրինի ձեռնարկատիրության և բարեգործական գործունեության միախառնումը պատճառ է դառնում հանցագործությունների շարքի, որոնց բացահայտմանն է նվիրում իր ազատ ժամանակը բարձր պաշտոնից հոգնած գովազդագիր Դան Սոմերդալը: Նրա ընկերը` ոստիկանության քննիչ Ֆլեմինգ Թորպը, դեմ չէ նրա օգնությանը: Երկուսով նրանք ոչ միայն հետաքննում են թրաֆիքինգի` կանանց սեռական շահագործման ճիրաններում հայտնված ներգաղթյալ «ստվերի կանանց» սպանությունները, այլև բացահայտում են ստվերային ձեռնարկատիրության գաղտնիքները:
Երկու ժամից ես մարդասպան կդառնամ: Այդ միտքը պետք է սարսափեցներ, բայց, ճիշտն ասած, այս պահին ամենից շատ ինձ անհանգստացնում է ընդարմացած աջ ոտքս. նախ անզգայացավ, հետո սկսեց ծակծկել` ասես հազարավոր մանր ասեղներ էին մեջը խրվում: Պահարանը, որտեղ գտնվում եմ, այնքան նեղ է, որ չեմ կարող շարժվել` առանց որևէ բանի դիպչելու, և մեծ վտանգ կա, որ ինչ-որ մեկը կլսի դրա աղմուկը: Շենքում կարծես դեռ մարդ կա: Համենայն դեպս, երաժշտության ձայն է լսվում: Ավելի շատ տեղ կլիներ, եթե թաքնվեի խնամքի պարագաների պահարանում, բայց այս դեպքում դա անհնար է: Փորձում եմ շարժել ոտքս, ձգել և թուլացնել սրունքիս մկանները, բայց ասեղները կարծես ավելի խորն են մխրճվում, և հաջորդ պահին ձեռքով փակում եմ բերանս` տնքոցը զսպելու համար: Լուռ հայհոյում եմ ինձ: Սա պետք է կանխատեսեի: Մյուս կողմից` եթե գործելուց առաջ մտածելու սովորություն ունենայի, ապա չէի հայտնվի այս վիճակում: Այս երեկո կկարողանայի հանգիստ քնել և խղճիս չվերցնել սպանության մեղքը, իսկ Լիլիանան կշարունակեր ապրել` նույնիսկ չկասկածելով, թե ինչից է պրծել...
Թողնել հաղորդագրություն